ՀՀ թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույց, 2003
Սույն հաշվետվությունը առաջին ազգային հաշվետվությունն է, որը ներկայացնում է թմրամիջոցների հետ կապված Հայաստանում առկա իրավիճակը: Ազգային առաջին հաշվետվությունը Թմրամիջոցների վերաբերյալ տեղեկատվության ազգային մոնիտորինգի կենտրոնի և Թմրամիջոցների վերաբերյալ տեղեկատվության ազգային համակարգի/ցանցի համատեղ աշխատանքի արդյունքն է: Տեղեկատվական համակարգը բաղկացած է տեղի մասնագետներից, որոնք ներկայացնում են թմրամիջոցների հիմնախնդիրների հետ առնչվող ոլորտում ներգրավված համապատասխան պետական և ոչ պետական հաստատությունները: Սույն ազգային զեկույցը մշակվել է Թմրամոլության և թմրամիջոցների մոնիտորինգի եվրոպական կենտրոնի (ԹԹՄԵԿ) ուղեցույցի համաձայն, որը նույնն է ԵՄ անդամ և թեկնածու երկրների համար: Զեկույցում օգտագործվել են պաշտոնական տեղեկություններ, որոնք տրամադրվել են Մոնիտորինգի կենտրոնի գործընկերների կողմից: Այս առաջին ազգային հաշվետվությամբ փորձ է կատարվում ներկայացնելու թմրամիջոցների ոլորտում Հայաստանի Հանրապետությունում առկա քաղաքական և իրավական դաշտը, համաճարակաբանական վիճակը և պահանջարկի նվազեցման ոլորտում իրականացվող միջոցառումները: 2001 թվականին Եվրոպական Միությունը և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը Հարավային Կովկասում սկսեցին համատեղ իրականացնել Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագիրը (ԱԹՊԾ): Ծրագրի նպատակն է օժանդակել Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կառավարությունների ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածքով դեպի Եվրոպական Միության անդամ երկրներ տարանցիկ փոխադրումների դեմ պայքարին: Ծրագիրը նաև նպատակ ունի կանխարգելել թմրամիջոցների օգտագործումը վաղ փուլերում: