ՀՀ թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույց, 2005
Սույն զեկույցը ստեղծվել է թմրամիջոցների վերաբերյալ տեղեկատվության ազգային մոնիտորինգի կենտրոնի, թմրամիջոցների չարաշահման դիտակայանի և թմրամիջոցների վերաբերյալ տեղեկատվության ազգային ցանցի անդամների համատեղ աշխատանքի արդյունքում: Այն պատրաստվել է համաձայն Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի (ԹԹՄԵԿ) ուղեցույցի, որը յուրաքանչյուր տարի ենթարկվում է որոշակի փոփոխությունների: Ներկայացվող զեկույցը Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների չարաշահման առկա իրավիճակը և խնդիրներն ամփոփող թվով երրորդ զեկույցն է: Թմրամիջոցների վերաբերյալ տարեկան զեկույցները մշակվում են Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի (ԱԹՊԾ) շրջանակներում ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանային մյուս երկու պետությունների` Ադրբեջանի և Վրաստանի կողմից: ԵՄ փորձագետների առաջարկությամբ և ԱԹՊԾ տեղական գրասենյակների միջև սերտ համագործակցության արդյունքում 2005 թվականին տարածաշրջանային երեք երկրների ազգային զեկույցների հիման վրա մշակվել է առաջին տարածաշրջանային զեկույցը: Բնական է, որ տարածաշրջանային առաջին նախաձեռնությունը չէր կարող լինել անթերի: Բացի այդ, տարածաշրջանի երեք երկրներն էլ առնչվում են կառուցվածքային, մեթոդաբանական, տնտեսական և աշխարհաքաղաքական նմանատիպ խնդիրների հետ, որոնք դեռևս թույլ չեն տալիս լիարժեքորեն կյանքի կոչել ԹԹՄԵԿ-ի պահանջները, այդ թվում` թմրամիջոցների չարաշահմամբ պայմանավորված խնդրի բնույթը և վերծանող հիմնական համաճարակաբանական ցուցանիշների ներկայացումը: